ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Իշխանության մեջ չեն տեսնում միայն վատը, իսկ ընդդիմության մեջ չեն փնտրում միայն հակառակորդների

Իշխանության մեջ չեն տեսնում միայն վատը, իսկ ընդդիմության մեջ չեն փնտրում միայն հակառակորդների
29.05.2009 | 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Երևանի ավագանու ընտրարշավը հասավ վերջնագծին: Հիմնական կուսակցությունները թաղամաս առ թաղամաս հանդիպումներ էին կազմակերպում` փորձելով նոր համակիրներ ձեռք բերել և համախմբել իրենց ուժերը:
Դասական իմաստով քարոզարշավ, մայիսի կեսերից սկսած, վարում էին թերևս երեք քաղաքական ուժեր` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՀԿ-ն:
Հենց այս տեսքն է կրում ֆավորիտների եռյակը: Վերջնական թվերը պարզ են լինելու միայն հունիսի մեկին, քիչ ավելի ուշ պարզ է լինելու քաղաքային կոալիցիայի տեսքը: Բայց մի բան արդեն իսկ հստակ է. անկախ վերջնական թվերից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանիում ունենալու է վճռորոշ դերակատարություն: Առանց նրա որևէ կոնֆիգուրացիա չի կարող գործել: Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ հենց ԲՀԿ-ն դառնա քաղաքային կոալիցիոն իշխանության առանցքը. ում հետ` ցույց կտա ժամանակը:
ՈՒժերի և հեռանկարի այս դասավորությունը ոչ թե պատահականություն է, այլ ընտրարշավի և ընդհանրապես` տիրող մթնոլորտի արդյունք: ՀԱԿ-ը, որպես արմատական ընդդիմություն, ի սկզբանե որդեգրեց քաղաքականացված ընտրության մարտավարությունը։ ՀՀԿ-ն, որպես ընդգծված իշխանություն, փորձեց ընտրությունները պահել կենցաղային հարթությունում։ Այսօր կարող ենք արձանագրել, որ կողմերին իրենց տակտիկական մտահղացումները հաջողվեց իրականացնել միայն մասամբ: Իսկ մասնակի հաջողությունը, մյուս կողմից, մասնակի անհաջողություն է: Հենց այս հանգամանքն էլ ԲՀԿ-ի համար ձևավորեց բարենպաստ միջավայր և առավելագույնս հարմար պայմաններ` սեփական ծրագրերը կարևորելու և սեփական թեկնածուի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Խորհրդարանական ընտրություններում, առանց վարչական ռեսուրսի, «Բարգավաճ Հայաստանը» հավաքեց մեծ թվով ձայներ: Իհարկե, անցած երկու տարիների ընթացքում երկրում և հասարակության մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը չի կարող չազդել էլեկտորալ տրամաբանության վրա, այնուհանդերձ, այս ընթացքում ԲՀԿ-ն չի արել այնպիսի քայլեր, որոնք թուլացնեին նրա դիրքերը: Ավելին, ժողովրդի համար խիստ կենսական հարցերի շուրջ կուսակցության հստակ դիրքորոշումը (ՀԴՄ-ներ, մանր-միջին բիզնես, աջակցություն տաքսիստների խնդրին) կուսակցությանը համակիրների նոր ռեսուրս է խոստանում:
Ցավոք, ընթացիկ պրոցեսների տեմպը թույլ չի տալիս իրականացնել առաջատար կուսակցությունների ընտրազանգվածային վերլուծությունը. դա, հավանորեն, կարվի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո: Սակայն հիմնական ուրվագծերով պարզ է, որ «Բարգավաճ Հայաստանի» ընտրազանգվածն այն մարդիկ են, որոնք իշխանության մեջ չեն տեսնում միայն վատը, իսկ ընդդիմության մեջ չեն փնտրում միայն հակառակորդների: Սա հենց այն բուֆերն է, որի անհրաժեշտության մասին մենք խոսում էինք բոլոր նախորդ ընտրություններում: Երևանի ավագանու ընտրությունները, այս առումով, մեծ ինֆորմատիվ նշանակություն են ստանում. ԲՀԿ-ի հավաքած ձայները ցույց կտան, թե որքանով է հասարակությունը հրաժարվում ծայրահեղ մոտեցումներից: Քաղաքակրթական այս ցուցանիշը չափազանց կարևոր է Հայաստանի համար` հաջորդ ընտրությունները հանգիստ անցկացնելու և ընդհանրապես երկրում իրական համերաշխության մթնոլորտ ապահովելու իմաստով: Ընտրարշավի ժամանակ ԲՀԿ-ին հաջողվեց նաև շահեկան դուրս գալ պատվիրված սոցհարցումների տհաճ միջադեպերից: Այսօր թերևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ «Բարգավաճ Հայաստանի» իրական վարկանիշը պատվիրված ցուցանիշներից բարձր է մի քանի անգամ:
Որքան էլ մենք կարևորություն տանք քաղաքական և մերձքաղաքական ինստիտուտներին և մեխանիզմներին, այնուամենայնիվ, անհատների դերը շարունակում է մնալ բարձր: Ողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի հիմնական պատասխանատվության և բեռի կրողը նրա առաջնորդն էր: Եվ եթե «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքներն ու հանդիպումներն աննախադեպ մարդաշատ էին, ապա դա առաջին հերթին պայմանավորված էր Ծառուկյանի անձով:
Գագիկ Ծառուկյանին ընտրարշավի առաջին կեսում հաջողվեց, առանց սրելու հարաբերությունները որևէ ուժի հետ, ցույց տալ հանրությանը, որ ԲՀԿ-ն բավականաչափ անկախ է և առաջնորդվում է իր ծրագրերով: Սա շատ կարևոր պահ էր, հակառակ դեպքում, նույնականացվելով որևէ ուժի հետ, կուսակցությունը կարող էր կորցնել իր էլեկտորատը: Երևանի ավագանու ընտրությունները մինչև հաջորդ համապետական ընտրություններ «Բարգավաճ Հայաստանի» համար մեծ նշանակություն ունեն: Նախ` փարատվում են ոմանց կասկածները ԲՀԿ-ի մասով, երկրորդ` կուսակցությունը հիմնավորապես ամրապնդվում է մայրաքաղաքում, և երրորդ` այն հազարավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ, ովքեր կուսակցական են դարձել խորհրդարանական ընտրություններից հետո, փայլուն առիթ ստացան ցուցադրելու իրենց ակտիվությունը, աշխատանքային և կազմակերպչական ունակությունները: Ինչպես հանդիպումների ժամանակ մի քանի անգամ նշել է Ծառուկյանը, ԲՀԿ-ում հաջողության հասնելու մի ճանապարհ կա` անհատական հատկանիշներ, նվիրվածություն, պատրաստվածություն: Եվ երիտասարդ բարգավաճականներն այս ընտրությունների արդյունքում կարող են իրական կյանքում տեսնել իրենց ղեկավարի առաջարկած կանոնը:
Ինչևէ, ընտրություններին մնացել է երկու օր, սակայն այս պահին երկու պնդում կարելի է անել առանց մտավախության. անկախ վերջնական թվերից` ԲՀԿ-ն հանդիսանալու է Երևանի ապագա իշխանության առանցքային ուժերից մեկը, և երկրորդ` գրագետ և զուսպ ընտրարշավի արդյունքում Գագիկ Ծառուկյանին հաջողվեց մայրաքաղաքում մեծ թվով նոր համակիրներ ձեռք բերել:
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ